Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն, այսօր՝ հուլիսի 11-ին, քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը Մինսկում կմասնակցի Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Նիստի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես կգան ելույթներով:

ԱԺ պատվիրակության կազմում են Հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Հուլիսի 11-ին նախատեսվում է ԱԺ պատվիրակության հանդիպումը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Նույն օրը տեղի կունենա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ: Հուլիսի 12-ին հայ խորհրդարանականներին կընդունի Բելառուսի Բրեստի մարզի գործադիր մարմնի նախագահ Կոնստանտին Սումարը: