Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները ամուսնության են նման, բայց ոչ միասեռական, հայտարարել է ՉԺՀ փոխվարչապետ Վան Յանը ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյք Լյուի հետ հանդիպման ընթացքում:
«Չինաստանում մենք ասում ենք «նոր մարդկանց զույգ» եւ հասկանում նորապսակներ», -այսպես է բնութագրել իրեն եւ զրուցակցին Յանը: «Թեեւ ԱՄՆ-ի օրենքն ընդունում է երկու տղամարդկանց միջեւ ամուսնությունը, չեմ կարծում որ դա այն է, ինչ ցանկանում է Ջեյքոբը կամ ես», - կատակել է Չինաստանի փոխվարչապետը, գրում է The Guardian-ը:
Այնուհետեւ Յանը հայտնել է, որ Վաշինգթոնն ու Պեկինը վստահելի հարաբերություններ պետք է կառուցեն՝ ամուսնական զույգի նման: Բացի այդ, ըստ չինացի քաղաքական գործչի՝ ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ն պետք է հարգեն այս կամ այն հարցի շուրջ կարծիք հայտնելու յուրաքանչյուրի իրավունքը, հայտնում է gazeta.ru-ն:
«Մենք չենք կարող ամուսնալուծություն թույլ տալ, ինչպես վերջերս տեղի ունեցավ Վենդի եւ Ռուպերտ Մերդոքների միջեւ», - հավելել է Յանը՝ նկատի ունենալով News Corp-ի ղեկավարի եւ Չինաստանում ծնված նրա կնոջ ամուսնալուծությունը: Չինացի փոխվարչապետի կարծիքով նման ամուսնալուծության համար շատ թանկ են վճարում:



























