Հուլիսի 11-ի առավոտյան ուկրաինացի ընդդիմադիրները, որոնք հավաքվել են Կիեւխորհրդի մոտ, փորձել են ներս խուժել: Ընդդիմադիրները քաղխորհրդի նստաշրջանը համարում են ոչ լեգիտիմ եւ սպառնում թույլ չտալ դրա իրականացումը, հաղորդում է «Կոմենտարիի»-ն:
Իրավապահները թույլ չեն տվել ընդդիմության որոշ պատգամավորների ներս մտնել: Խոսքը, մասնավորապես, Ալեքսանդր Կուժելի, Իրինա Լուցենկոյի եւ Լեոնիդ Եմցի մասին է: Դռների մոտ քաշքշուկ է սկսվել, որը վերափոխվել է ոստիկանների եւ պատգամավորների միջեւ ծեծկռտուքի: «Սվոբոդա» կուսակցության ներկայացուցիչները փորձել են ներս մտնել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել, ինչից հետո սկսվել է գրոհը:
Բացի այդ, ակտիվիստները մեծ պաստառ են պահել, որը հիշեցրել է մահվան վկայագիր եւ կապված է եղել Կիեւխորհրդի 6-րդ նստաշրջանի չկայացած լինելու եւ 2013թ հունիսի 3-ին դրա լիազորությունների ավարտի մասին:
Շենքի մուտքը պահպանում են «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկները: Կիեւխորհուրդ են ժամանել իշխող Ռեգիոնների կուսակցության մի քանի պատգամավորներ, հաղորդում է «Վերսիի»-ն:
Ինչպես հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան, ավելի ուշ Կիեւխորհրդի շենք են մտել ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլայ Կնյաժինցկին, Իրինա Լուցենկոն եւ այլք: Ընդդիմության մոտ 15 ներկայացուցիչներ արգելափակել են Կիեւխորհրդի ամբիոնը:
Հուլիսի 11-ին նշանակված է Կիեւխորհրդի հերթական նստաշրջանը, սակայն պատգամավորների լիազորություններն ավարտվել են դեռեւս հուլիսի 2-ին: Ընդդիմությունը բազմիցս պահանջել է նշանակել է քաղխորհրդի, ինչպես նաեւ քաղաքապետի նոր ընտրություններ:
Սակայն իշխանությունները չեն շտապում ընտրություններ նշանակել: Ընդդիմությունը կարծում է, որ դրա պատճառն այն է, որ Ռեգիոնների կուսակցությունը խուսափում է ընտրություններից` պարտվելու մտավախություն ունենալով: Սահմանադրական դատարանն աջակցում է նրանց եւ Կիեւում ընտրությունները հետաձգել է մինչեւ 2015թ:
































