ԱԺ պատգամավոր, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանն, ամենայն հավանականությամբ, չի ներկայանա հայաստանյան իրավապահներին:

Հիշեցնենք, որ ԱԺ «Համաներման մասին» որոշման համաձայն՝ մինչեւ հուլիսի 31-ը իրավապահներին ներկայացած անձինք եւս ընկնում են համաներման տակ:

Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հստակ չի կարող ասել, բայց չներկայանալու հավանականությունն ավելի մեծ է: Նախ, որ ՀՔԾ-ն մերժել է Սուքիասյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: «Իսկ ամենակարեւորն այն է, որ պարոն Սուքիասյանը կներկայանա իր ցանկացած պահին: Եթե նա ներկայանար մինչեւ հուլիսի 31-ը, տպավորություն կստեղծվեր, թե ինչ-որ հանցանք է գործել եւ ցանկանում է համաներվել: Մինչդեռ Խաչատուր Սուքիասյանն անմեղ է, եւ մտադրություն չունի խաղալ իրեն պարտադրված խաղի կանոններով»,- մանրամասնեց Արթուր Գրիգորյանը:

Ի դեպ, առաջիկայում Սուքիասյանի պաշտպաններն ասուլիս կտան եւ կներկայացնեն իրենց ու իրենց պաշտպանյալի դիրքորոշումը: