Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն, այսօր՝ հուլիսի 11-ին, ամփոփել է ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործողությունների ծրագրի 2013թ.-ի կատարողականը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները իրենց գերատեսչությունների մասով ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարեւորագույն միջոցառումները:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկել են ՆԱՏՕ-ի կառույցների կողմից պատրաստված «Հայաստանի ԱԳԳԾ 2013թ. գարնանային ամփոփում» զեկույցը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները իրենց գերատեսչությունների մասով ներկայացրել են զեկույցում մատնանշված առաջարկություններն ու կատարման ենթակա միջոցառումների ցանկը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ նախանշված միջոցառումները հաջող ավարտական ընթացք կունենան հաշվետու ժամանակահատվածում,  հետեւաբար պետք է շարունակել այս ընթացքը` ակնկալելով դրական արդյունքներ:

Ի լրումն, ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կիբերահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը, շրջակա միջավայրի եւ քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ կազմակերպչական հարցեր։