Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները Մոլդովայի դիրքորոշմանը չեն համընկնում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, հայտարարել է Մոլդովայի մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վադիմ Միշինը:
Նիստի ընթացքում հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ խորհրդարանական փաստաբանի ելույթը քաղաքականացված է եղել, ինչն անթույլատրելի է եւ խոսում է պաշտոնյայի քաղաքական անպիտանության եւ ոչ մասնագիտական հատկանիշների մասին, հայտնում է Publika.md-ն: «Մենք հասկանում ենք, թե որքան սխալ է վարվել Գրիգորիուն հայ եւ ադրբեջանական կողմերին նման իրավական գնահատականներ տալով՝ Մոլդովայում մարդու իրավունքների մասին խոսելու փոխարեն», - հայտնել է Միշինը:
Նա նաեւ հավելել է, որ ոչ ոք չի արգելում կարծիք հայտնել, սակայն այն պետք է առավելագույնս մասնագիտական լինի եւ միանգամայն ապաքաղաքականացված: «Ինչը չի կարելի ասել Գրիգորիուի ելույթի մասին: Չպետք է ամբողջական փաստաթղթից հատվածներ զատել: Եթե դա ՄԱԿ-ի փաստաթուղթն է, ապա այն պետք է ամբողջովին ուսումնասիրել, այլ ոչ թե կտրել համատեքստից, որը կարող է բացասական դեր խաղալ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ օրերս մոլդովացի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Երեւանում ընթացող միջազգային կոնֆերանսում հայտնել էր, որ «Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը եւ ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»: Այս հայտարարությունն առաջացրել էր ժխտական արձագանք ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոլդովայում, որտեղ քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ դատապարտել էին այդ ելույթը՝ այն գնահատելով որպես սադրիչ, ուղղված իրադրությունը սրելուն: Մոլդովայի հայ համայնքը հայտնել էր խորհրդարանից պաշտոնապես Աուրելիա Գրիգորիուի հրաժարականը պահանջելու մտադրության մասին:





























