Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հարցում նախագահ Ֆրանսուա Օլանդի երկերեսանի խաղը պետք է վերջ գտնի: Այս մասին «Ազատ օր» թերթին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, հիշյալ օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Oլանդը դեռ նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ խոստացել էր, որ 2013-ի ապրիլ 24-ին ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ պատիժ ենթադրող օրենքն ընդունված կլինի: «Բայց, մենք բոլորս, ականատես եղանք, որ խոստացված այդ քայլը չիրականացվեց: Ավելին, ներկայումս որեւէ նշույլ չի նկատվում, մեզ բոլորիս համոզելու համար թե այդ գործընթացը գործնական ընթացքի մեջ է:

Օլանդը ոչ միայն չհարգեց իր խոստումը, այլեւ Էլիզեի պալատի մուտքի մոտ Ադրբեջանի նախագահ Ալիեւի ձեռքը սեղմեց: Այդ երկերես խաղը պետք է այլեւս վերջ գտնի»,-հայտարարել է Բուայեն:

«Ֆրանսիայում ամեն ինչ անում ենք, որպեսզի ցեղասպանությունը մերժողների նկատմամբ պատիժ ենթադրող կեցվածքը օրենքի վերածենք: Եւ անշուշտ, պայման չէ, որ այդ օրենքը միայն Հայոց ցեղասպանությանը վերաբերի, այլ ընդգրկի ու պատժի բոլոր ցեղասպանությունները ժխտողներին, որոնք ընդունել է ֆրանսիան»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ այսօր Ֆրանսիան ճանաչել է երկու ցեղասպանություններ՝ հայկականն ու հրեականը:

Բուայեի խոսքով՝ ամեն գնով այդ օրենքը պետք է ընդունվի, քանի որ դա քաղաքական անհրաժեշտություն է:

«Դիմել եմ Ազգային Ժողովի նախագահին, տարբեր քաղաքական խմբակցություններին, որպեսզի ցեղասպանությանը վերաբերող օրենքի նախագիծը վերաքննենք եւ հստակացնենք ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի հարցը: Ես դա անում եմ, որովհետեւ չենք կարող բավարարվել միայն մեր Սահմանադրական Խորհրդի միակողմանի տեսակետով: Պետք է ավելի հեռու գնանք, նույնիսկ Սահմանադրական Խորհրդի տեսակետից: Ես այս բոլոր աշխատանքներին հետեւում եմ»,-ամփոփել է նա: