Հայոց ցեղասպանության չճանաչումն ու ժխտումը ճանապարհ հարթեցին նացիզմի եւ ֆաշիզմի համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, Մինսկում, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Շարմազանովը Վիկտոր Գումինսկիին տեղեկացրել է, որ ողջ առաջադեմ մարդկությունը 2015-ին կնշի 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա հույս է հայտնել, որ Բելառուսի խորհրդարանը եւս կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:
Երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ Հայաստանը եւ Բելառուսը ռազմավարական գործընկերներ են, եւ երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած են բարեկամական սերտ կապերն ու փոխվստահությունը:
Էդուարդ Շարմազանովը Վիկտոր Գումինսկիի հետ զրույցում անդրադարձել է միջխորհրդարանական երկխոսության զարգացման անհրաժեշտությանը, ինչին, նրա համոզմամբ, նպաստում են նաեւ բարձր մակարդակի փոխայցերը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների փոխգործակցությանը թե՛ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, եւ թե՛ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:





























