ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») եւ ՀՀ արդարադատության նախարարությունն, այսօր՝ հուլիսի 11-ին, մտադրությունների հուշագիր են ստորագրել Հայաստանում գործարար միջավայրի խթանմանն ուղղված բարեփոխումների եւ Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարելավման վերաբերյալ:
Արարողությանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Միացյալ Նահանգներից երկու շրջանային դատավորներ եւ մեկ արբիտր:
2013թ. հուլիսից մինչեւ 2014թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կողմերը համատեղ կիրականացնեն մի շարք գործողություններ, այդ թվում՝ ներկա ՎԱԿ համակարգի մանրազնին ուսումնասիրություն: «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը նորմատիվ իրավական ակտերի եւ օրինագծերի մշակման, հանրային լսումների եւ շահառուների հետ կլոր սեղան քննարկումների անցկացման ուղղությամբ: Համագործակցությունը ուղղված է լինելու ոչ միայն համակարգի բարելավմանը, այլ նաեւ բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ ՎԱԿ համակարգի հանդեպ բիզնես համայնքի վստահության ամրապնդմանը:
Միջոցառմանը կհաջորդի համաժողով, որը տեղի կունենա 2013թ. հուլիսի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ հայ եւ ամերիկյան դատավորների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում ԱՄՆ շրջանային դատավորներ Ռիկարդո Մարտինեսը եւ Ռոբերտ Լասնիկը կներկայացնեն ՎԱԿ համակարգի նկատմամբ ամերիկյան մոտեցումը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ, ինչպես նաեւ կվարեն ու կմեկնաբանեն արբիտրաժի եւ միջնորդության դատախաղ:





























