Զինվորական դատախազությունը պարզաբանում է, թե ինչու է առանց քննության թողել Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը:

Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է հետեւյալը.

«2013-ի հունիսի 20-ին Արտակ Էմիլի Բուդաղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանին եւ խնդրել իրեն ճանաչել տուժող` միաժամանակ հայտնելով, որ ցանկանում է որպեսզի իր ներկայացուցիչը հանդիսանա Հայկ Ալումյանը:

Օրենքով սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանը, անհապաղ քննության առնելով դիմողի պահանջը, 24.06.2013թ. պատճառաբանված որոշում է կայացրել դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, եւ ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվել է դիմողը եւ նրան է ուղարկվել համապատասխան որոշման պատճենը:

Հուլիսի 10-ին ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմող Ա. Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշման դեմ` խնդրանքով՝ վերացնել ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանի` 24.06.2013թ. չպատճառաբանված որոշումը եւ ցուցում տալ քննիչին՝ Արտակ Էմիլի Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:

Քննիչի նշված որոշումը վիճարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության, որի մասին ծանուցվել է փաստաբան Հայկ Ալումյանին: Բողոքը չի քննարկվել, քանի որ փաստաբանը ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր-ի 103-րդ հդվածով քննիչի որոշումը բողոոքարկել է վերադաս դատախազին, այնինչ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, տվայլ որոշումը` դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, դրա պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում դիմողը պետք է բողոքարկի դատարան: Հետեւաբար, քանի որ տվյալ որոշումը կարող էր բողոքարկվել բացառապես դատարան, ուստի ՀՀ գլխավոր դատախազը չէր կարող քննարկման առարկա դարձնել այն:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ պաշտպանությունը առաջին հերթին ենթադրում է օրենքով սահմանված ընթացակարգերի հստակ պահպանումը»:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին  Զիլֆուղարյանը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:

Լուսանկարը` «Emedia.am»-ի