ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը լայն շրջանակ է բացում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության զարգացման համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է  Էրիկաս Պետրիկասին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթել: Նա գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում վերջին տարիներին արձանագրվել է լուրջ առաջընթաց:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Արեւելյան գործընկերության ծրագրի կենսագործման հարցում Լիտվայի կողմից ցուցաբերած շահագրգռվածությունը, ինչպես նաեւ Հայաստանի` ԵՄ հետ մերձեցման քաղաքականությանն աջակցելու պատրաստակամությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Պետրիկասը հավաստիացրել է, որ կանի հնարավորը տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացման եւ զարգացման համար: Նա կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկկողմ շփումները, փոխայցերը: Նա կարեւորել է հայկական զինված ուժերի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում` մասնավորապես Կոսովոյում եւ ԱՖղանստանում: