Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անհամբեր սպասում է, թե երբ է ստորագրելու երկրի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլիի հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ դատախազի հետ կապված աղմուկը բարձրացել էր բանտարկյալներին խոշտանգելու մասին տեսագրության հեղինակ Վլադիմիր Բեդուկաձեին պատասխանատվությունից ազատելու վերջինիս վճռի կապակցությամբ:
Ըստ Վրաստանի օրենսդրության՝ գլխավոր դատախազին պաշտոնից հեռացնելու իրավունք ունի միայն նախագահը՝ արդարադատության նախարարի դիմումի հիման վրա: Երկու օր առաջ Սահակաշվիլին արդեն հայտարարել էր, որ պատրաստ է համապատասխան փաստաթուղթ ստորագրել: Իր հերթին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին նշել էր, որ Քբիլաշվիլիին պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում: Ընդ որում գլխավոր դատախազն ասել է, որ պատրաստ է լքել պաշտոնը ցանկացած պահի: Քբիլաշվիլիի վճռի կապակցությամբ դժգոհություն էր հայտնել նաեւ վարչապետ Իվանիշվիլին, որը կոչ էր արել դատախազին վերանայել վճիռը:
«Խստագույնս պահանջում եմ Վրաստանի կառավարությունից՝ Վրաստանի Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակում անմիջապես ինձ ներկայացնել գլխավոր դատախազի հրաժարականը, քանի որ վերջինս խախտել է արդարության գերակայության գլխավոր սկզբունքը, եւ ես հենց այսօր այն կստորագրեմ», - հուլիսի 11-ին հայտնել է Սահակաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Ըստ Սահակաշվիլիի՝ հակառակ դեպքում կասկածի տակ կդրվի Բիձինա Իվանիշվիլիի դժգոհությունը:





























