ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը հատուկ լսումներ է անցկացնելու Ադրբեջանի իրավիճակի վերաբերյալ: «Խնդրահարույց գործընկեր. աճող ավտորիտարիզմն Ադրբեջանում» թեմայով լսումները տեղի կունենան հուլիսի 16 –ին Կոնգրեսում: Քննարկումները կկենտրոնանան երկրում նախընտրական իրավիճակի վրա:
«TURAN» գործակալությունը հաղորդում է, որ Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը ընդհանուր շատ շահեր ունեն եւ համագործակցում են տարբեր ոլորտներում, սակայն առկա է անհանգստություն Ադրբեջանի ներկայիս քաղաքական իրավիճակի հետ կապված: Անհանգստացնող միտումները ներառում են «լրագրողների եւ իրավապաշտպանների նկատմամբ բռնություններն ու ձերբակալությունները, ՀԿ-ների գրանցման խստացումը, համացանցի օրենսդրորեն ամարգրված սահմանափակումները, հավաքների ազատության սահմանափակումը, բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումը» եւ այլն:
Լսումներին կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալի օգնականը, պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը, Real շարժման ղեկավար Էրկին Գադիրլին եւ այլք:





























