«Հյուսիս-Հարավ» ծրագրի թերություններն արդեն վերացվում են, իսկ աշխատանքների ընթացքը բարելավվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաոյու Ժաոյի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով. «Ամեն բան պետք է կազմակերպել այնպես, որ սահմանված ժամկետում ունենանք լավ որակով աշխատանք»:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Քսիաոյու Ժաոն  գոհունակություն է հայտնել «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքից՝ նշելով, որ անձամբ է այցելել շինհրապարակ, ծանոթացել  կատարված աշխատանքներին, տեսել, որ  բետոնփռիչ մեքենան արդեն տեղադրված է եւ առաջիկա օրերին կսկսվի ճանապարհի մի հատվածի փորձնական  բետոնափռումը։

Գագիկ Բեգլարյանը, կարեւորելով ծրագրի շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը, նշել է, որ աշխատանքների կատարման ընթացքում խնդիրներ էին առաջացել ծրագրի ճարտարագիտական եւ տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» եւ շինարարարական աշխատանքները կատարող «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների հետ.

Գագիկ Բեգլարյանը կարեւորել է  հետագա տրանշերի նախապատրաստական եւ տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նա  հիշեցրել է նախկին հանդիպումներում իր կողմից բարձրացված այն հարցը, որ ԱԶԲ-ն պետք է արագացնի  Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա իրականացնել վերջնական ծրագծի ընտրությունը եւ Չորրորդ տրանշը իրագործելու ուսումնասիրությունը եւ  նախագծային աշխատանքները: