Օֆշորների նկատմամբ Հայաստանում ծագած հետաքրքրությունը ստիպում է եւս մեկ անգամ ուսումնասիրել այդ գոտիներում ընկերություններ ունենալու հարցը: Հիշեցնենք, որ օֆշորը ազատ տնտեսական գոտուց տարբերվում է նրանով, որ հատուկ ընթացակարգ ու հարկային արտոնություններ է խոստանում արտասահմանյան ընկերություններին, պայմանով, որ դրանք երկրի ներսում տնտեսական գործունեություն չեն իրականացնի:
Հայաստանում հատուկ ծառայություններ չկան, որոնք կօգնեին գործարարներին ազատորեն գրանցվել օֆշորներում, քանի որ իրավաբանական խորհրդատվությունը այդ դեպքում շատ կարեւոր է: Սակայն Ռուսաստանում եւ Ուկրաինայում նման ծառայությունները շատ տարածված են, միանգամայն լեգալ, ու ինտերնետը հեղեղել են օֆշորում հաստատվելու գայթակղիչ առաջարկներով: Սակայն նրանք հիմնականում ծառայություններ են մատուցում իրենց երկրի գործարարներին, թեեւ չի բացառվում, որ հայտեր ընդունեն նաեւ Հայաստանից:
Առաջարկվում են 2 հիմնական տիպի ծառայություն` գրանցում եւ պատրաստի ընկերության գնում: Ընդ որում գները բավական բարձր են` սկսում են 500 դոլարից:
Worldwide incorporation services գրասենյակն, օրինակ, առաջարկում է գրանցվել (գնել) Կիպրոսում, Սեյշելներում, ԱՄՆ Դելավեր նահանգում եւ Դոմինիկյան Հանրապետությունում: Գրանցվելու համար ոչ փաստաթուղթ է պահանջում, ոչ էլ ներկայություն, ընդամենը հարկավոր է վճարել 590-1100 դոլար: Ընդ որում` վճարման եղանակները եւս բավական ճկուն են` քարտով, Western Union-ի փոխանցումով եւ այլն: Սակայն հատուկ զգուշացում կա, որ Կիպրոսում գրանցումը դասական իմաստով օֆշոր չի համարվում, քանի որ 10% շահութահարկ կա: Եթե Կիպրոսում գրասենյակ ունեք, ապա գրանցումը կրկնակի հեշտանում է ու արագանում, իսկ եթե ոչ` ուրեմն պետք է երկու շաբաթ համբերեք:
Եթե սպասելու ցանկություն չկա` Offshore services group կազմակերպությունն առաջարկում է գնել պատրաստի ընկերություն ընդամենը 5 րոպեում` օնլայն տարբերակով: Դա կարժենա 2200 եվրո:
Հարկ է նշել, որ պատրաստի ընկերության «անհապաղ» վաճառք առաջարկում են բազմաթիվ գրասենյակներ: «Պատրաստի ընկերություն» նշանակում է նաեւ պատրաստի բաժնետեր, տնօրեն, հարկային հաշիվ, իրավաբանական հասցե, ցանկության դեպքում կարող եք ստանալ այդ ընկերության ֆինանսական կայունության մասին սերտիֆիկատ: Ցանկության դեպքում այնպես կարող են անել (դա եւս ծառայության մի մասն է), որ գնորդի անունը չի երեւում բաժնետերերի ցանկում: Յուրաքանչյուր հավելյալ ծառայություն ունի իր գինը, ու այդ նպատակով կազմվում են հատուկ գնացուցակներ: Եթե ցանկանում եք` կարող են տրամադրել հատուկ հեռախոսահամար, որտեղից զանգերը կվերահասցեագրվեն ձեր ուզած համարին: Հատուկ գին է սահմանված այն դեպքերի համար, երբ գրանցողը նաեւ իրականացնում է սպասարկում` լուծում է բոլոր հարցերը հարկային ու պետական մարմինների հետ 1 տարվա կտրվածքով:
Սա, ինչպես նշեցինք, ռուսական կայքերի առաջարկներն են: Բուն Կիպրոսում գործում են 1000-ից ավելի իրավաբանական գրասենյակներ, որոնց միակ եկամտի աղբյուրը օֆշորային ընկերություն բացելն է, պատրաստի ընկերություն վաճառելը եւ օֆշորային ընկերության ընթացիկ սպասարկումը: Պատահական չէ, որ Կիպրոսը, լինելով Եվրամիության անդամ, ողջ աշխարհում անօրինական ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման կենտրոն է համարվում: Հնարավոր է` փետրվարյան դեպքերից հետո, երբ Եվրամիության պատճառով խստացվեցին Կիպրոսի բանկերի նկատմամբ պահանջները, Կիպրոսում օֆշորային գրանցումները եւս դժվարացել են, կամ վերահսկողական մեխանիզմներն ավելի ուժեղացել են: Սակայն բոլոր դեպքերում` օֆշորը մնում է օֆշոր, այն ի սկզբանե ստեղծված է թաքնվելու եւ թաքցնելու համար:
Պատրաստեց` Սամվել Ավագյանը





























