ԱՄՆ-ն հիասթափված է Չինաստանի մերժումից` կապված Հոնկոնգում գտնվող Սնոուդենին հանձնելու հետ: Չինացի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո, Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտարարել է, որ Պեկինի գործողությունները երկկողմ հարաբերություններում վստահության կորուստ է առաջացրել:
Վաշինգտոնը կարծում է, որ Հոնկոնգի իշխանությունները թույլ են տվել Սնոուդենին թռչել Ռուսաստան` Պեկինի իրազեկ լինելու պարագայում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:Սակայն Պեկինը պնդում է, որ Հոնկոնգի իշխանությունները գործել են ներքին օրենքների համաձայն ու նրանց վրա որեւէ ճնշում չի գործադրվել:
Ավելի վաղ Հոնկոնգի իշխանությունները բացատրել են, որ Սնոուդենին բաց են թողել հենց ամերիկյան կողմի թույլ տված բյուրոկրատական սխալի պատճառով:
Իր հերթին Չինաստանի գործողությունների նկատմամբ իր հիասթափությունն է արտահայտել նաեւ ԱՄՆ նախագահ Օբաման: Բացի այդ, ԱՄՆ նախագահը կոչ է արել Չինաստանին լուծել հարեւան երկրների հետ վիճահարույց հարցերը` առանց սպառնալիքների եւ ուժի կիրառման, փոխանցում է NEWSru.com-ը:
Չինաստանն իր հերթին ԱՄՆ-ին խորհուրդ է տվել ավելի շատ ուշադրություն դարձնել երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:





























