Մեքսիկական Օախակա նահանգի Սան Ագուստին-Ամատենգո  քաղաքի քաղաքապետ է ընտրվել 2010թ.-ից մեռած համարվող թեկնածուն:

«Ննջեցյալ» Լենին Կարբալիդոն մոտ 50% ձայն է  հավաքել:

Նորընտիր քաղաքապետը «վախճանվել» էր դեռեւս 2010թ., երբ նրան դատական հետապնդումների եւ կալանքի հեռանկարն էր սպառնում: Այն ժամանակ նա նախընտրել էր «բեմադրել» իր մահը, որն իբր վրա էր հասել դիաբետիկ կոմայից, ինչի մասին գրված է նաեւ մահվան վկայականում:

Ընտրություններից առաջ «ննջեցյալը» բարեհաջող «հարություն է առել» եւ քաղաքը ողողել իրեն գովազդող պաստառներով: Այժմ իրավապահները պետք է պարզեն, թե նախքան ընտրություններն ինչու ուշադրություն չի  դարձվել իրավաբանական այս խնդրին: Կարբալիդոյի կուսակիցները հայտարարել են, որ ընտրողներին խաբելու մասին տեղեկության հաստատման դեպքում իրենք անձամբ թույլ չեն տա քաղաքապետին զբաղեցնել պաշտոնը:

NEWSru.com-ը հայտնում է, որ Կարբալիդոն այժմ պետք է պատասխանի մեքսիկական արդարադատության հարցերին: