Այսօր հայաստանյան բանկերը մրցում են ինտերնետային բանկինգի ծառայություններով եւ, բնականաբար, հաճախորդի ընտրությունը կանգնում է այն բանկի վրա, որը երաշխավորում է անվտանգ օնլայն գործարք։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Ապագա թեքնոլոջիս» ընկերության մարքեթինգի եւ վաճառքի պատասխանատու Հայկ Ասրիյանցը։ Ըստ նրա՝ հաճախ օնլայն գործարքների ժամանակ, երբ հաճախորդը այցելում է ինտերնետ բանկի կամ էլեկտրոնային կոմերցիայով զբաղվող ցանկացած կայք, խաբեության զոհ է դառնում։
«Հաճախ օնլայն գործարքների ժամանակ կեղծ ինտերֆեյսի միջոցով խոշոր գումարներ են հափշտակվում»,- ասաց Ասրիյանցը՝ ավելացնելով, որ հեղինակավոր ընկերության կողմից արտոնագիր ունեցող բանկը այս առումով ավելի շահեկան է դառնում, քանի որ արտոնագրի առկայության դեպքում վստահությունը մեծանում է, ինչն էլ նպաստում է օնլայն գործարքների ծավալների աճին։
«Օրինակ՝ Extended Validation (EV) SSL արտոնագիր ունենալու դեպքում ինտերնետային կայքի հասցեի տողը դառնում է կանաչ, նշվում է այն կազմակերպության անվանումը, ում կայքն է, ինչպես նաեւ սետիֆիկատը թողարկող ընկերության անունը»,-ասաց Ասրիյանցը՝ ավելացնելով, որ այս ամենի շնորհիվ հաճախորդը տեսնում է, որ տվյալ կայքը, իրոք, պատկանում է հենց բանկին, եւ կարող է վստահորեն գործարք կատարել։
Ըստ Ասրիյանցի՝ հայաստանյան չորս բանկեր արդեն ունեն նման սերտիֆիկատներ, ընդ որում, դրանցից երկուսը արտոնագրեր ձեռք են բերել ընդամենը երկու շաբաթ առաջ։




























