Ուկրաինացի հայտնի քաղաքական լուսավորիչ Վյաչեսլավ Պիխովշեկը, մեկնաբանելով Ուկրաինայի Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի ներկայացումը, հայտարարել է, որ կողմ կլիներ դրա ընդունմանը:

«Ինձ համար կարեւոր է, որ դա արվի ոչ միայն քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, այլեւ ուղեկցվի որոշակի բացատրական աշխատանքներով»,-ընդգծել է փորձագետը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

«Այս խնդիրը ծանոթ է ուկրաինացիների, մենք հիշում ենք, որ խորհրդային ժամանակ պատմության «ծանր էջերը» հնարավորինս քողարկվում էին, դրանց մասին չէր խոսվում, չնայած որ այդ վերքերը շարունակում էին ցավ պատճառել:

Իմ հիշելով` Ուկրաինայի խորհրդարանը երբեք չի արտահայտվել եւ այս հարցի առնչությամբ երբեք պաշտոնական դիրք չի զբաղեցրել: Այս իրավիճակում սպասում ենք, թե ինչպիսին է լինելու խորհրդարանի որոշումը: Յուրաքանչյուր երկրում, նման որոշումների կայացումը կապված է քաղաքական փոխզիջման եւ ակտուալ կոնյուկտուրայի հետ: Ինձ թվում է, որ պետք է կայացվի հավասարակշռված որոշում, որում պետք է նկարագրվի պատմության բավականին բարդ շրջան: Ի դեպ, խորհրդարանում արդեն կան նմանատիպ նախաձեռնություններ: Ինձ թվում է` մենք հասունացել ենք մեր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտելու համար»,-ընդգծել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում հունիսի 6-ին ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ: Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: