Քննադատելը հեշտ է, աշխատելն ու ստեղծելը` դժվար: Այսպես է ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին հնչեցրած մեղադրանքները մեկնաբանել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն` հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ հասցեին պարբերաբար հնչող քննադատական հայտարարությունների վերաբերյալ հարցերին, ֆրանսիացի դիվանագետը հիշեցրել է, որ միջնորդական առաքելությունն անընդմեջ աշխատում է` փորձելով աջակցել ղարաբաղյան հակամարտության` բանակցությունների միջոցով լուծվելուն: Դեսպանը հիշատակել է շփման գծում միջադեպերի մասին, մասնավորապես, նախորդ ամռանը տեղի ունեցած մի քանի միջադեպեր եւ դրանց հաջորդած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը: Ինչպես ընդգծել է Անրի Ռենոն, այս բարդ իրավիճակում բանակցություններն, այնուամենայնիվ, շարունակվում են, միջնորդները կազմակերպում են կամ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների, կամ էլ հենց երկրների նախագահների հանդիպումներ: Դիվանագետի գնահատմամբ` սա բավականին ծանրակշիռ ներդրում է:

Ինչ վերաբերում է իրանական կողմի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դերում հանդես գալու պատրաստակամությանը, ապա դեսպանը հիշեցրել է, որ բանակցությունները տարվում են գոյություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: «Հակամարտող կողմերը բարձրագույն մակարդակում հայտարարում են ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից բավարարված լինելու մասին: Նրանք իրենց ցանկությունն են հայտնում` աշխատանքն այս ձեւաչափում շարունակելու վերաբերյալ»,-ընդգծել է Անրի Ռենոն` հիշեցնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների նախագահների վերջերս ընդունած համատեղ հայտարարության մասին: