ԵՄ` ընլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը Հայաստան, երկիրն առաջ կտանի Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում: Այս մասին հուլիսի 12-ին ԵՄ Խորհրդատվական խմբի խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքով` ԵՄ հանձնակատարի այցը նոր ազդակ կհաղորդի բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի եւ Եվրամիության ինտենսիվ երկխոսությանը:

Վկայակոչելով Ֆյուլեին` ԵՄ պատվիրակության ղեկավարը հավելել է, որ այդ առաջխաղացումները ոչ միայն նոր հնարավորություններ կբացեն` Եվրամիության շուկայի հասանելիության տեսանկյունից, այլեւ Հայաստանին թույլ կտան բարելավել երկրի բիզնես-կլիման:

ԵՄ խորհրդատվական խումբը պետք է աջակցի այդ քայլերին եւ խորհուրդներ տա` հիմնվելով ասոցացման վերաբերյալ ապագա օրակարգի ու պահանջմունքների գնահատման վրա: Այդ նպատակով թարմացվել է խորհրդատվական օգնության մեթոդաբանությունը:

Տրայան Հրիսթեան նաեւ ընդգծել է, որ բանակցություններ են տարվում Հայաստանին տրամադրվող խորհրդատվական օգնությունն ընլայնելու ուղղությամբ: