ԵՄ ոչինչ չի ստիպում եւ չի պարտավորեցնում Հայաստանին: Այս մասին հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Առաջընթացը երկխոսության տեսքով է ընթանում»,-ընդգծել է դիվանագետը` հիշեցնելով, որ ժողովրդավարությունը ենթադրում է ուրիշների նկատմամբ հանդուրժողականություն ու ազատություն:
Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի մասին` Ռենոն նշել է Ասոցացման համաձայնագրի եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններում առկա առաջընթացը: «Այս փուլի եզրափակումը կկայանա Վիլնյուսում այս տարվա նոյեմբերին` համձայնագրերի նախաստորագրումով: Դա կարեւոր նվաճում է, ինչի առթիվ շնորհավորում եմ Հայաստանին: Ֆրանսիան կասկածներ չունի, որ Հայաստանն իր առաքելությունը կկատարի, եւ ես` որպես դեսպան բավարարված եմ Հայաստանի հաջողությամբ»,- ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը, հավելելով, որ համաձայնագրերի նախաստորագրումը ազդակ կհաղորդի Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների զարգացմանը:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ այդ գործընթացը ենթադրում է օրենսդրական փոփոխություններ եւ համաձայնագերի լիարժեք իրականացման համար համապատասխան կառույցների ստեղծում: «Հեռանկարները լավատեսություն են ներշնչում»,-արձանագրել է դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ն արդեն հիմա Հայաստանի համար դարձել առաջին տնտեսական գործընկերը:





























