Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետ Արարատ Անուշավանի Թամրազյանը սկզբից անտեղյակ էր իր որդիների` ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանի վրա կրակոցներ արձակելու միջադեպից, իսկ հետո խիստ բորբոքվեց այդ մասին հարցեր լսելուց: NEWS.am-ի թղթակիցը զանգահարեց նրան` ճշտելու տարածված տեղեկությունների իսկությունը: Նա սկզբից ասաց, որ տեղյակ չէ իր որդիների` ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանի վրա կրակոցներ արձակելու միջադեպից: «Զանգեք միլիցիա, դատախազություն, տո ես շատ գիտեմ, ԿԳԲ, զանգեք իմացեք, ոչ մի բանից տեղյակ չեմ, ես էլ ձեր նման առաջին անգամ կարդացել եմ»,- ասաց գյուղապետը:

Արարատ Թամրազյանը, սակայն, հաստատեց, որ Արտավազդ եւ Արագած անունով որդիներ ունի, որոնց կրճատ ասում են` Արտո եւ Արգո: «Կարող է ասում էլ են, ի՞նչ կա դրա մեջ: Ես ոչնչից տեղյակ չեմ, խնդրում եմ դիմեք միլիցիա, դատախազություն,ԿԳԲ, իրենք ձեզ կասեն` ինչ է կատարվել: Ես  մարզպետարանում եմ, նիստի եմ նստած, չեմ կարա երկար խոսեմ»,- ասաց Թեղուտի գյուղապետը եւ անջատեց հեռախոսը:

Հետեւելով նրա խորհրդին` դիմեցինք ոստիկանություն, որտեղից պաշտոնապես հաստատեցին, որ փաստի առթիվ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով կասկածյալ Արագած Արարատի Թամրազյանը հուլիսի 11-ին ժամը 17.00-ին կամավոր ներկայացել է Տավուշի մարզի քննչական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է իր մոտ գտնվող օրինական գրանցված բայկալ հրազենով կրակ արձակել գազալցակայանի ուղղությամբ: 

Երբ ավելի ուշ նորից զանգեցինք Թեղուտի գյուղապետին`  տեղեկացնելու, որ իր որդին արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, վերջինս սկսեց բորբոքվել: «Ինձ ինչի՞ համար եք ասում, ես խնդիր չունեմ, դուք եթե խնդիր ունեք, լուծեք ոստիկանության հետ: Եթե արել է, թող նա էլ պատասխան տա, օրենք գոյություն ունի: Օրենքը բոլորի համար մեկ է, ինձ մի զանգեք»,- բարկացած ասաց գյուղապետը եւ չպատասխանեց մեր հարցին, թե արդյոք ինքը եւս գազալցակայան ունի եւ բիզնես շահերի խնդիր էր առաջացել:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, սակայն այդ դրանք  համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիների հետ: Ըստ Դիլիջանում շրջանառվող լուրերի, գյուղապետի որդիները՝ Արտո եւ Արգո Թամրազյանները, հուլիսի 7-ին որսորդական հրացանով  կրակել ու վնասել են ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանը: Պարզվում է` նրանք վաղուց թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ, ու թեթեւ կոնֆլիկտից հետո բանը հասել է դրան: Քանի որ գյուղապետը եւս Հաղարծին տանող ճանապարհին ունի գազալցակայան, այս մարզում տնտեսական մրցակցությունը երբեմն-երբեմն նման դրսեւորումներ է ունենում: «Ուշագրավն այն է, որ այդ դեպքից հետո այստեղ ակտիվորեն իրականացվում է «զենք-զինամթերքի հանձնման օպերացիան»: Վերադառնալով միջադեպին՝ նշենք, որ ոստիկանությունից մեզ հավելյալ տեղեկություններ չտրամադրեցին, անգամ չհիշատակեցին միջադեպին մասնակից կողմերի անունները: Լրատվական ծառայությունից միայն հայտնեցին, որ այդ օրը բենզալցակայանում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Կատարվում է քննություն: Այնպես որ, կրակոցներն ու կրիմինալը միայն Գյումրիում ու Սյունիքի մարզում չեն, Տավուշի մարզն էլ առանձնապես ետ չի մնում»,- գրում է թերթը: