ԱՄՆ-ում շարունակվում է Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում Boeing-777-ի վթարային վայրէջքի գործի քննությունը: Արտաքին ազդեցության եւ տեխնիկական խափանման նախնական վարկածները առայժմ չեն հաստատվում:

Քննիչները ուսումնասիրել են օդանավի մասերի աշխատանքը եւ  ոչ մի խափանում չեն գտել, լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության ազգային վարչության ղեկավար Դեբորա Հերսմանը: Ըստ նրա՝  օդանավի բոլոր կարեւոր համակարգերը, ներառյալ շարժիչը, կառավարման համակարգը եւ այլն, բնականոն աշխատել են:

Ըստ Վարչության՝ վայրէջքի ժամանակ օդանավի արագությունը եղել է 60 կմ/ժ՝ անհրաժեշտից ցածր: Ընդ որում, օդաչուների խցիկում երկրորդ շրջանի գնալու վերաբերյալ հրաման հնչել է երկու անգամ՝ գետնին օդանավի բախվելուց  3 եւ 1,5 վայրկյան առաջ:

Բացի դրանից, օդաչուներից մեկի վարկածն այն մասին, որ վայրէջք կատարելիս իրեն դրսից կուրացրել էին վառ լույսով, նույնպես չի հաստատվել: Երկու այլ օդաչուներ նշել են, որ նման ոչինչ չեն տեսել: Ըստ փորձագետների՝ դեռ ամեն ինչ մատնանշում է օդաչուների սխալները:  Սակայն կոնկրետ պատճատների պարզաբանման համար կպահանջվի տարուց ավելի, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով  Reuters-ը:

Asiana Airlines ավիաընկերության Սեուլից մեկնած Boeing-777 օդանավը հուլիսի 6-ին  վթարի էր ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում՝ վայրէջքի  ժամանակ:  Օդանավում եղել էր 307 մարդ, որոնցից երկուսը զոհվել, 160-ը՝ վիրավորվել էին: