Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 12-ին ընդունել է Երեւանում անցկացվող հայ-ռումինական գործարար համաժողովի մասնակիցներին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով հայ եւ ռումին գործարարներին, կարեւորեց նման համաժողովների անցկացումը` նշելով, որ դրանք ոչ միայն ավելի են ամրապնդում երկու ժողովուրդների բազմադարյա հարաբերությունները, այլեւ գործնականում նպաստում են երկրների միջեւ տնտեսական կապերի աշխուժացմանը եւ արդյունավետ համագործակցության հաստատմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում ընդգծեց Ռումինիայի հայ համայնքի եւ հայոց թեմի դերակատարությունն երկու ժողովուրդների բարեկամության զորացման գործում` գոհունակություն հայտնելով նաեւ Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում հայորդիների բերած կարեւոր ներդրումի համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական եւ Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, հովվապետերի փոխադարձ եղբայրական այցերին:
Վերջում Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով համաժողովի մասնակիցներին, հաջողություններ մաղթեց նրանց օգտաշատ նախաձեռնությանը` ի բարօրություն երկու երկրների:





























