«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը իրականացնում է իր պաշտոնական լիազորությունները եւ գործառույթները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով վերջինիս սնանկ ճանաչվելու եւ արտագաղթելու մասին լուրերին:

Նա նշեց, որ պատգամավոր Ստեփանյանը իրականացնում է իր գործառույթները, այն որոշումները, որոնք առաջադրվում են կուսակցության կողմից: «Այն, ինչ տեղի է ունենում նրա անձնական կյանքում կամ որպես սեփականատեր նրա ձեռնարկություններում, կարծում եմ, դրանք չպետք է հետաքրքրեն հանրությանը եւ լրատվամիջոցներին, այլ որպես պատգամավոր նրա գործունեությունը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով վերջին շրջանում լուրջ խնդիրներ ունի իր բիզնեսում, մտերիմների շրջանում դժգոհելով ստեղծված վիճակից, ասել է, թե երկրից արտագաղթելու մտադրություն ունի:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Ստեփանյանը Վճռաբեկ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Այս մասին երեկ հայտնել են ՎՏԲ-Հայաստան բանկի լրատվական ծառայությունից։ Բանն այն է, որ ԲՀԿ-ական պատգամավորը վարկ էր վերցրել սույն բանկից եւ չէր կարողացել կատարել ստանձնած պարտավորությունները: ՎՏԲ-ն անցյալ տարեվերջին հայց էր ներկայացրել դատարան՝ Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով: Ստեփանյանը, ըստ իր մերձավորների, խոր ընկճախտի մեջ է»,- գրում է «Հայկական ժամանակը»: