Հալեպ քաղաքում իր աշխատանքներն է վերսկսել խոշորագույն «Ալ-Համադանիե» փուռը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կառավարական բանակի ստորաբաժանումները կարողացել են չեզոքացնել սիրիական ընդդիմության մի խումբ գրոհայիններ եւ տեղ հասցնել ալյուր եւ վառելիք:

Ինչպես հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը, Հալեպի նահանգապետ Մուհամմադ Վահիդ Ակկադը ընդգծել է, որ անհրաժեշտ է հետեւել արտադրանքի որակին եւ բնակչությանը կոչ է արել պահպանել կարգը: Մթերքը շուրջօրյա վաճառվելու է պետական խանութներում, դրանց գինը շուկայականից 15-20 տոկոսով էժան է լինելու: «Տարվում են պարենամթերքի եւ անհրաժեշտ մյուս ապրանքների` քաղաք հասցնելու աշխատանքներ: Առաջին խմբաքանակներն արդեն հասցվել են քաղաք»,- ընդգծել է նահանգապետը:

Կառավարական բանակը շարունակում է Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի ազատագրման խոշոր օպերացիան: Ներկայումս հաջողվել է դադարեցնել գրոհայիններին զենք եւ պարենամթերք մատակարարելը: