Ուկրաինայում ինկասատորների վրա հարձակման արյունալի գործով եւս մեկ սպանված է հայտնաբերվել. Նիկոլաեւ քաղաքի մոտ գտել են Daewoo Sens մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ դիակը, որն օգտագործել էին հարձակումն իրականացրած հանցագործները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չարագործները հանցագործության վայր էին եկել գողացված մեքենայով:

Սպանվածի մասին հայտնի է, որ նա աշխատել է որպես տաքսու վարորդ: Ամենայն հավանականությամբ, հանցագործներն իրենց մտադրությունը իրագործելու համար տաքսի են պատվիրել, ապա հաշվեհարդար տեսել վարորդի հետ, քանի որ իրենց միայն մեքենան է պետք եղել:

Տաքսիստին նրանք սպանել են գլխին կրակելով, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ «Ուկրփոստի» ինկասատորների  մեքենայի վրա հարձակումը կատարվել է այսօր՝ հուլիսի 12-ի առավոտյան: Զինված հարձակման ժամանակ ավազակները գնդակահարել են ինկասատորական մեքենայի վարորդին, իսկ ինկասատորներից մեկն իր հերթին գնդակահարել է երկու հարձակվողներին:

Ուկրաինայում արյունալի հարձակում են գործել ինկասատորների վրա