«Հայկական կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը մինչ օրս պատսպարել է սիրիահայերի 87 ընտանիք եւ հոգում է նրանց կեցության, սննդի, կրթության, աշխատանքի տեղավորման հարցերը: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 12-ին, սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում:
Հայաստանի ԿԲ անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը ներկայացրել է ԿԲ կողմից իրականացված՝ սիրիահայ հաշվապահների եւ տնտեսագետների վերապատրաստման դասընթացների ամփոփման արդյունքները: Նրա խոսքով՝ դասընթացներին մասնակցած սիրիահայ երիտասարդները բանկի կողմից ստացել են հավաստագրեր, ինչը հնարավորություն է տվել նրանց աշխատանք գտնել:
Սիրիահայ երիտասարդների ամառային հանգստի կազմակերպման մասին զեկուցել է ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը՝ նշելով, որ տարբեր կազմակերպությունների բարեգործական ներդրումների շնորհիվ Վանաձորի, Գուգարքի եւ Լոռիի մարզերի ճամբարներում արդեն հանգստացել է 9-12 տարեկան ավելի քան 200 սիրիահայ պատանի եւ եւս 400-ը կհանգստանա:
Ամփոփելով նիստում հնչած առաջարկություններն ու կարծիքները, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախ շնորհակալություն է հայտնել Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցչին եւ «Օգնիր եղբորդե հիմնադրամին՝ սիրիահայերին ցուցաբերած աջակցության եւ ակտիվ աշխատանքի համար: Նախարարը կարեւորեց արաբախոս սիրիահայերի լեզվի, կրթության, աշխատանքի եւ բնակության հարցերը, ինչպես նաեւ, սիրիահայերի առնչությամբ արդեն ընդունված որոշումների ժամկետների երկարացման խնդիրը:
Քննարկման ընթացքում նշվեցին գերատեսչությունների եւ այլ կառույցների առաջիկա անելիքները:




























