Ոչ միայն մենք, այլեւ ամբողջ ժողովուրդը երկրի նախագահին դեմ լինել չի կարող: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է ինքը դեմ արտահայտվել նախագահին:
«Նախագահն իր կայացմամբ ապացուցել է, որ տրամադրված է հասարակական-քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ անել»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ նախագահի փորձառության, անցած ճանապարհի շնորհիվ, Սերժ Սարգսյանը կարողանում է օբյեկտիվ որոշումներ կայացնել: «Դեմ լինելու խնդիրն արդեն ներկուսակցական հարց է, բայց այն, որ Սերժ Սարգսյանը կուսակցությունում լուրջ հեղինակություն է, փաստ է»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարել է, թե ինքն է անձամբ առաջադրել Վահե Հակոբյանի թեկնածությունը, իսկ Վահե Հակոբյանն էլ իր հերթին հերքում է, որ նման բան չկա, Գալուստ Սահակյանն ասաց. «Որեւէ մեկը մեր իրականության մեջ իրավունք չունի որեւէ մեկի թեկնածությունն առաջադրել: Պարզապես կարող է կարծիք հայտնել եւ ասել, որ այս կամ այն թեկնածուն ավելի լավն է: Վահե Հակոբյանի ընտրությունը կատարվել է գործադիր մարմնի նիստում երկրի նախագահի կողմից եւ բոլորս էլ դրական ենք վերաբերվել այդ ընտրությանը»:
ՀՀԿ փոխնախագահը անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի՝ նախագահի իմփիչմենթի հարցը բարձրացնելու հայտարարությանը, նշելով, որ նրանք՝ որպես ընդդիմություն, արտահայտում են իրենց դիրքորոշումը:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ ՀԱԿ-ի այս գործողությունը հենց իշխանությանն է պետք, որպեսզի վերջինս հոկտեմբերին չստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, նա այսպես արձագանքեց: «Այսինքն մե՞զ են ծառայում, մենք ծառայողների հետ ճանապարհ չենք գնում»։





























