Իրականությանը չեն համապատասխանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ԱԺ նախագահ-ՀՀ վարչապետ հարաբերությունները լարված են:  Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը։

«Բացարձակ նման կերպ չեմ կարծում։ Հավանաբար այլ գործ չունեն լրագրողները, դրա համար նման տեղեկություններ են հրապարակում»,- ասաց նա։

Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ նման հակասություններ չկան, իսկ այդ հակասությունների համար «հիմք» հանդիսացող Սերժ Սարգսյանի իրավահաջորդ դառնալու հարցը նա վաղ համարեց քննարկման համար:

«Ի վերջո մի մոռացեք, որ ընտրություններն այս տարի են եղել, եւ դա ամենեւին չի նշանակում, որ մենք այսօր պետք է մտածենք: Առջեւում մենք ժամանակ ունենք, լուրջ անելիքներ կան, դժվար է լինելու եւ կարծում եմ, որ այս տարիներին մենք պետք է առաջին հերթին աշխատենք, իսկ իշխող կուսակցությունը որպես կանոն նման հարցերի անդրադառնում է շատ ավելի ուշ: Իշխող կուսակցությունները, եւ ոչ իշխող կուսակցությունները ունեն այլ խնդիրներ լուծելու»,- ասաց Դավիթ Հարությունյանը: