Հայաստանում իշխանությունն ի վիճակի չէ գլուխ հանել նույնիսկ ներքին գզվռտոցից ու տարաձայնություններից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Չինացիներն ասում են. ճգնաժամը ոչ միայն դժվար ժամանակներ են, այլեւ բարենպաստ հնարավորություններ: Միայն ճգնաժամերից հետո են լինում զարգացման թռիչքներ: Ճապոնական, սինգապուրյան կամ այլ երկրների տնտեսական հրաշքներին միշտ նախորդել են ճգնաժամերը»,-հայտարարել է Մեսրոբյանն ու հավելել, որ Հայաստանը նույնպես նման հնարավորություն ունի հիմա, երբ իշխանությունը գտնվում է ճգնաժամային վիճակում:

«Նախ, պետական կառավարման համակարգն այլեւս չի կարողանում թաքցնել ամենօրյա ներքին գզվռտոցը: Այդպիսի իշխանությունը չի կարող լուծել ոչ միայն արտաքին, այլեւ գնաճի, գործազրկության եւ արտագաղթի խնդիրները: Մենք այդ մասին վաղուց գիտեինք, բայց հիմա պարզվում է, որ այս իշխանությունը նույնիսկ ներքին խնդիրները լուծելու ունակություն չունի: Դա ցույց է տալիս, որ իշխանությունները հասել են ամենացածր կետին եւ ամոթ մեզ, եթե մենք չկարողանանք փոխել իրավիճակը»,ընդգծել է նա: