Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում Սյունիքի պաշտոնաթող մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցը չի քննարկվել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին վերջին աղմկահարույց միջադեպի մասին, որի կենտրոնում հայտնվել է Սուրեն Խաչատրյանի եղբոր որդին: Գալուստ Սահակյանն ասաց, որ որեւէ տեղեկատվություն չունի, եւ տեղեկանալով, որ միջադեպի մասին տեղեկությունը ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է, հավելեց. «Ոստիկանությունն էլ թող զբաղվի դրանով: ՀՀԿ-ն ինչի՞ զբաղվի, եթե լիազոր մարմինը զբաղվում է, մենք ընդամենը կարող ենք եզրահանգումներ անել կամ գնահատականներ տալ»:
Հիշեցնենք, որ Գորիսի կենտրոնում, հուլիսի 11-ին, ժամը 23.00-24.00-ի սահմաններում, ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (մականունը` Աղալար) որդու` Էյներ Խաչատրյանի եւ ոմն Գոռի միջեւ, հաղորդում է Aysor.am-ը: Շրջանառվող լուրերի համաձայն` եղել է նաեւ դանակահարություն: Ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնել են, որ երեկ երեկոյան ժամը 23.00-24.00-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Գորիսի կենտրոնում երկու հոգի վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2 ընկերները հարբած վիճակում վիճաբանում են: Վերջիններս վերադառնում էին ծննդյան արարողությունից: Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:





























