«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության երեկ` հուլիսի 12-ին, կայացած հերթական հանրահավաքից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը բողոքարկելու է իրեն «ապօրինի» բերման ենթարկելու որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարեգին Չուգասզյանը:

Նա նշեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժնից տուն է գնացել երեկ` հուլիսի 12-ին, կեսգիշերին մոտ: Իրեն բերման ենթարկելու որոշումը Գարեգին Չուգասզյանը համարում է ապօրինի: «Իբրեւ թե ոստիկանական պատը ճեղքելու կոչ եմ արել, ես նման կոչ չեմ արել: Վարչական խախտում է ձեւակերպված, ինչ առաջադրվել է ինձ, ես չեմ ընդունում: Իրենք պետք է վարչական իրավախախտման մասին արձանագրությունը տեղում կազմեին` դրսում, բայց չեն կազմել, տարել են բաժին: Հավանաբար կբողոքարկեմ այդ որոշումը, բայց փաստաբանիս հետո դեռ չեմ քննարկել, քննարկեմ, կհայտնեմ»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

Հիշեցնենք, որ «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության, հուլիսի 12-ին, կայացած հերթական հանրահավաքից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ հանրահավաքի ժամանակ` իր ելույթում, ասել է, թե պետք է շտապ հավաք կազմակերպել «Փակ շուկայի» դիմաց եւ կանխել բարբարոսությունը: Այնուհետեւ, երբ Մաշտոցի պողոտայից շարժվել են դեպի «Փակ շուկա», Թումանյան փողոցից ոստիկաններըն իրեն բերման են ենթարկել: