Քիշնեւում հուլիսի 12-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 11-ին Քիշնեւում Մոլդովայի նախագահի եւ վարչապետի հետ ՀՀ նախագահի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու հայ-մոլդովական համագործակցությանը:
Նախարարները անդրադարձել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման, հումանիտար եւ մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերին:
Նախարարներ Նալբանդյանը եւ Գերմանը այցելել են նաեւ Քիշնեւի հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում են ունեցել Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։
Նախարար Գերմանը իր հերթին բարձր է գնահատել արդեն մի քանի հարյուրամյակի պատմություն ունեցող մոլդովահայ համայնքի դերը երկրի կյանքում: Հայ համայնքի ներկայացուցիչները նախարարներին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները եւ մտքեր փոխանակեցին դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
Նախարար Նալբանդյանը իր մոլդովացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։





























