Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանը երեկ երեկոյան իրեն վատ է զգացել, բայց անգիտակից վիճակում չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից` անդրադառնալով երեկ լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե խցակից ընկերները նրան գտել են անգիտակից վիճակում:
Հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ Էդիկ Գրիգորյանը այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, նա դիմում է գրել բուժզննում անցնելու կապակցությամբ եւ այսօր առավոտյան քրեակատարողական հիմնարկի բժիշկները այցելել են կալանավորին: «Այժմ նա բուժզննում է անցնում, բժիշկների հսկողության տակ է»,- հայտնեցին բաժնից:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանին, հուլիսի 11-ի երեկոյան, խցակից ընկերները գտել են անգիտակից վիճակում, հաղորդել էր Aravot.am-ը:




























