Ֆրանսիայի ազգային տոնի նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը երկրի ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ուղերձում մասնավորապես, ասվում է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ:
Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ եվրոպական եւ միջազգային կառույցների շրջանակներում ձեւավորված սերտ համագործակցությունը, տարբեր ոլորտներում հաստատված դինամիկ կապերը, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված ամուր փոխգործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ առավել կամրապնդվեն:
Վերստին շնորհակալություն եմ հայտնում այն հետեւողական ջանքերի համար, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման եւ մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման, համագործակցության զարգացման: Ս. թ. հունիսի 18-ին Էնիսկիլենում Ձեր, Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահների կողմից արված համատեղ հայտարարությունն այդ կարեւոր ջանքերի եւս մեկ արտահայտությունն է:
Մեծարգո պարոն նախագահ,
Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա նոյեմբերին մեր հանդիպումը Փարիզում եւ սիրով սպասում եմ Ձեզ պետական այցով հյուրընկալելու Հայաստանում` համոզված լինելով, որ այն նոր լիցք կհաղորդի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը եւ մեր ժողովուրդների բարեկամության խորացմանը:
Կրկին շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթելով Ձեզ հաջողություններ, իսկ ֆրանսիացի ժողովրդին` բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:































