Գուանտանամոյի բանտարկյալների մեծ մասը դադարեցրել է հացադուլը: Բանտի ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայումս հացադուլին մասնակցում է 102 բանտարկյալ: Նրանցից 99-ը վերջին օրերին օրական մեկ անգամ ընդունել էին իրենց առաջարկված սնունդը:
Ըստ նրա՝ ղեկավարությունը հացադուլն ավարտված է համարում, եթե բանտարկյալը սնունդ է ընդունում մի քանի օր շարունակ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 100-ից ավելի բանտարկյալներ շարունակում են հացադուլը՝ վատ պայմանների դեմ բողոքելով: Գուանտանամոյի հացադուլն սկսվել էր փետրվարին եւ դարձել բանտի պատմության մեջ ամենատեւականը: Հացադուլին նախորդել էին բանտարկյալների զանգվածային խուզարկումները, նրանց անձնական գույքի բռնագրավումը՝ ներառյալ հարազատների նամակները, լուսանկարները եւ այլն:
Գունտանամոյում բանտարկված է 166 մարդ: Այնտեղ բանտարկյալներ կան, որոնք ճաղերի հետեւում են արդեն 10 տարուց ավելի, սակայն նրանց մեղադրանքներ այդպես էլ չեն ներկայացվել:





























