Եգիպտացի կինոգործիչները կոչ են արել եգիպտացիներին բոյկոտել թուրքական սերիալները, քանի որ թուրքական իշխանությունները թշնամական վերաբերմունք են որդեգրել Եգիպտոսի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական OdaTV կայքը՝ վկայակոչելով El Yevm El Sabi կայքին, եգիպտացի կինոգործիչները տարածել են հայտարարություն, որով քաղաքացիներին կոչ են անում բոյկոտել եւ չդիտել թուրքական սերիալները։ «Թուրքական իշխանությունները հունիսի 30-ի հեղափոխությունից հետո Եգիպտոսի հանդեպ թշնամական վերաբերմունք են որդեգրել։ Թուրքական իշխանությունները առհամարում են եգիպտացիների կամքը եւ պաշտպանում բռնապետական ռեժիմին»,-նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Եգիպտոսում զինվորական միջամտությամբ նախագահի պաշտոնից Մուրսիի հեռանալուց հետո թուրքական իշխանությունները հանդես եկան եգիպտական զինվորականների դեմ քննադատական հայտարարություններով:

Այնուհետ, Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Բոթսանլըին կանչել են երկրի ԱԳՆ եւ բանավոր զգուշացում արել թուրքական իշխանությունների հայտարարությունների կապակցությամբ: