Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի նախապատրաստման եւ աշխատանքների կազմակերպման շրջանակներում 2013թ. հուլիսի 7-ից 13-ը Հայաստանի Հանրապետությունում էր ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում հուլիսի 9-ին խորհրդատվական խմբի անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՌՎ նոր շրջափուլի կազմակերման հարցում ՀՀ ՊՆ մոտեցումներն ու տեսլականը, հիմնական շեշտը դնելով վերանայման փուլերի, մեթոդաբանության եւ գործելակերպի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտության վրա: Նշեց, որ ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում միջազգային գործընկերների տրամադրած խորհրդատվությունը ունեցել է լուրջ դերակատարություն վերջնական պլանավորման փաստաթղթերի մշակման գործում: Միջազգային խորհրդատվական խմբի անդամները, ընդգծելով ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում կատարված համատեղ աշխատանքների արդյունավետությունը, հույս են հայտնել, որ փոխգործակցության նույնանման մակարդակ կարձանագրվի նաեւ առաջիկա աշխատանքների ընթացքում:
Հուլիսի 12-ին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Հանդիպման ընթացքում խորհրդատվական խմբի անդամները ներկայացրել են նախորդ օրերին կատարված աշխատանքների արդյունքները` պաշտպանության նախարարի դիտարկմանը հանձնելով ՊՌՎ կազմակերպման ճանապարհային քարտեզի նախնական տարբերակը՝ միջոցառումների կատարման պլան ժամանակացույցով: Շնորհակալություն հայտնելով խորհրդատվական խմբին ցուցաբերած եռանդուն աջակցության համար, պաշտպանության նախարարը նշել է, որ ՊՌՎ-ն, հանդիսանալով պաշտպանության միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանավորման կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը, ձեռք է բերել պարբերական բնույթ: Նախարարն իր վստահությունը հայտնել է, որ համատեղ ջանքերով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացը կիրականացվի բարձր արդյունավետությամբ, որի արդյունքում կունենանք «ՀՀ զինված ուժեր - 2020» տեսլականը:





























