Թուրքիայի հասարակության մեջ մեծ արձագանք է գտել Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի եւ Շրնաք նահանգների միջեւ գտնվող Ֆարաշինի դաշտում PKK-ի 2 զինյալների թաղումը, որին մասնակցել են Վանի քաղաքապետն ու քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Նազմի Գյուրը։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի Թուրքիայի հարավում գտնվող Քաթո լեռան շրջակայքում թուրքական անվտանգության ուժերի հետ բախումներում սպանված 2 քուրդ զինյալների դիակները դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո վերցրած քուրդ բնակիչները շարժվել են դեպի Ֆարաշինի դաշտ, որտեղ տեղի է ունեցել թաղման արարողությունը։
Թաղման արարողությանը մասնակցել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ, Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, կուսակցության Վանի նահանգային կառույցի ղեկավար Մուսա Իթահը, Բեյութշեբափի քաղաքապետ Յուսուֆ Թեմելը եւ նույն կուսակցության անդամ, պատգամավոր Նազմի Գյուրը եւ PKK-ի զինյալներ։
Քրդական կուսակցության պատգամավոր Նազմի Գյուրն իր ելույթում նշել է, թե 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո քրդերն արդեն հնարավորթյուն կունենան շնորհավորելու իրենց ինքնավարությունը։
Թաղման արարողության ժամանակ խոսել է նաեւ PKK-ի՝ Վան նահանգի պատասխանատու Սիմքո Դերիքը՝ շեշտելով, թե խախաղության գործընթացում իրենք պետությանը չեն վստահում եւ միայն շարժվում են Օջալանի հրահանգներով։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։




























