Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 12-ին բավարարել է Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի միջնորդությունը եւ կալանավորել Տիգրան Վիրաբյանին` երկու ամիս ժամկետով:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու համար Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին կետով: