ԱԺ փոխնախագահը Էդուարդ Շարմազանովը «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիրի տարածքում խաչքար տեղադրելու պատրաստակամություն է հայտնել: Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելել է Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզ, հանդիպում ունեցել մարզի նահանգապետ Կոնստանտին Սումարի հետ:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից հայտնում են, թե երկուստեք բարձր է գնահատվել ավանդական բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նոր թափ եւ որակ հաղորդելու երկկողմ հարաբերություններին:

Կոնստանտին Սումարի հետ զրույցում ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-բելառուսական միջտարածաշրջանային համագործակցության աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Սյունիքի եւ ԲՀ Մինսկի մարզերի միջեւ համագործակցության մեկնարկին, ինչպես նաեւ ՀՀ Արարատի եւ ԲՀ Բրեստի մարզերի միջեւ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը:

Կողմերը նկատել են, որ հայ-բելառուսական առեւտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում, եւ երկկողմ տնտեսական հարաբերությունները դեռեւս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով զրուցակիցները մտքեր են փոխանակել Բրեստում գործարար համաժողով անցկացնելու հնարավորության առնչությամբ:

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաեւ Հայրենական Մեծ պատերազմի ամենահերոսական էջերից մեկին`Բրեստի ամրոցի պաշտպանությանը, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով` իրենց անուններն են անմահացրել նաեւ բազմաթիվ հայորդիներ:

Բրեստի մարզի նահանգապետի հետ հանդիպումից հետո հայկական պատվիրակությունը բելառուսցի գործընկերների ուղեկցությամբ այցելել է «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, ծաղկեպսակ դրել «Անհայտ զինվորի» եւ ութ հայ զինվորների շիրիմներին, ինչպես նաեւ գրառում թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում: ԱԺ փոխնախագահը հուշահամալիրի տարածքում հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքար տեղադրելու պատրաստակամություն է հայտնել: