Բութանում հուլիսի 13-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ), որն ամենախոշոր ընդդիմադիր ուժն է այդ երկրում, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

ԺԴԿ-ն ստացել է խորհրդարանի ստորին պալատի 47 տեղերից 32-ը: Ընտրություններից առաջ ԺԴԿ-ն խորհրդարանում ընդամենը երկու մանդատ ուներ: Կուսակցության առաջնորդ Թշերին Թոբգայը, ամենայն հավանականությամբ, երկրի թագավոր Ջիգմե Վանգչուկից նոր կառավարություն ձեւավորելու առաջարկ կստանա, հաղորդում AP-ն:

Ըստ կանխատեսումների, ընտրություններում պետք է հաղթեր իշխող Խաղաղության եւ բարգավաճման կուսակցությունը, որը ղեկավարում են թագավորի մերձավոր խորհրդականները, սակայն ընդդիմության վարկանիշը կտրուկ աճել է, երբ հարեւան Հնդկաստանը կրճատել է գազի եւ դիզվառելիքի սուբսիդիաները հարեւան Բութանին, որի հետեւանքով կտրուկ աճել են վառելիքի գները, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ընդդիմադիր ԺԴԿ-ն քննադատել է նախկին կառավարությանը՝ հարեւան Հնդկաստանի հետ հարաբերությունները սառեցնելու համար, քանի որ Հնդկաստանը տասնամյակներ շարունակ Բութանի հիմնական առեւտրային եւ դիվանագիտական գործընկերն է:

Նշենք, ու Բութանի բնակիչները իրենց պատմության մեջ երկրորդ անգամ են խորհրդարան ընտրում: Մինչեւ 2008 թվականը, երբ թագավորը ինքնակամ հրաժարվեց իր լիազորությունների մի մասից, երկրում բացարձակ միապետություն էր:

Բութանի բնակչությունը մոտ 750 հազար է, որի մեծ մասը բուդդայականներ են: Տնտեսության հիմնական ճյուղերը գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են: