Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի զարգացման ծրագիրը նախատեսում է Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցություն եւ նրա ռադարների օգտագործում։ Այս մասին մարտի 9-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսը։
Ստավրիդիսը կարծում է, որ հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը գերժամանակակից է եւ դրա շրջանակներում հնարավոր է համագործակցություն նաեւ Իսրայելի հետ։ Նրա խոսքով, համակարգը ստեղծվում է իրանական միջին հեռահարության հրթիռներից պաշտպանվելու համար։
Ինչպես հայտարարել է ադմիրալը, հակահրթիռային պաշտպանության համակարգի գործարկումը թույլ կտա ԱՄՆ-ին՝ պատրաստ լինել, «քանի որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռի օգտագործման հնարավորությունները մեծանում են»։ Ստավրիդիսն ընդգծել է, որ Իրանի գործունեությունը անհանգստացնում է Վաշինգտոնին։



























