Բոսթոնում ձերբակալել են 29-ամյա մի տղամարդու, ով լուսանկարում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի տունը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին: Հուլիսի 15-ին նա պետք է դատարան ներկայանա:

Քերրիի թիկնապահները ոստիկանություն են կանչել, քանի որ տղամարդն իր ավտոմեքենան կայանել է այն տարածքում, որտեղ կայանումն արգելված է: Կալանավորման համար ձեւական պատճառ է հանդիսացել այն, որ նա նստած է եղել ալկոհոլի բաց շշով, հաղորդում է «Lenta.Ru»-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Ժամանած ոստիկաններին տղամարդը բացատրել է, որ լուսանկարել է` դրանք ընկերոջը ցույց տալու համար: Երբ նրան խնդրել են հեռանալ, տղամարդը հրաժարվել է` բացատրելով, որ ալկոհոլ է օգտագործել եւ չի կարող ավտոմեքենա վարել:

Քերրիի մամուլի քարտուղար Գլեն Ջոնսոնը, լրատվամիջոցներին ուղարկած մամուլի հաղորդագրությունում մանրամասնել է, որ կալանավորված տղամարդը լուսանկարել է պետքարտուղարի տան պատուհանը: Ջոնսոնի խոսքով` նրա ավտոմեքենայում զենք է հայտնաբերվել:

Այդ պահին քաղաքական գործիչը տանը չի եղել: Նա այցելել է կնոջը, ով հուլիսի սկզբից հիվանդանոցում է: