Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի բնակիչներին կոչ է արել զգույշ լինել, քանի որ ԱՄՆ-ը հետեւում է ամբողջ աշխարհին:
«Պետք է զգույշ լինել, քանի որ ամերիկացիները, ինչպես հայտնել է Սնոուդենը, լրտեսում են բջջային եւ սովորական հեռախոսները, էլեկտրոնային հասցեները, BlackBerry-ն, Twitter-ը եւ Facebook-ը, նրանք լրտեսում են ողջ աշխարհը», - հայտարարել է Մադուրոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Վենեսուելայի լրատվամիջոցները:
Ըստ նախագահի` այս իրավիճակին պետք է լուրջ վերաբերվել, քանի որ «խոսքը Ջորջ Օրուելի վեպի մասին չէ, այլ` իրականության»: Օրուելի հակաուտոպիական «198» վեպի ամենահայտնի ասացվածքներից է `«Մեծ եղբայրը հետեւում է քեզ»:
Մադուրոն նշել է, որ ԱՄՆ-ն իրեն համաշխարհային կառավարություն է կարծում: Նա հիշեցրել է, որ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի երկրները վերջերս տեղի ունեցած արտակարգ գագաթաժողովում հայտարարություն էին ընդունել` թույլ չտալու ԱՄՆ-ի կողմից համաշխարհային լրտեսությունը, եւ պահանջել էին դադարեցնել նման գործողությունները, որոնք միջազգային օրենքների խախտում են:





























