Ինդոնեզիայի Նաբիրե քաղաքում բռնցքամարտիկների մարտից հետո մարզադաշտում սկսված հրմշտոցի հետեւանքով 18 մարդ է զոհվել, 40 մարդ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Զոհերը հիմնականում կանայք են: Անկարգությունների պատճառ է դարձել  տեղացի բռնցքամարտիկի պարտությունը:

Մարտի ելքը վճռել են դատավորները` պարտություն գրանցելով տեղացի բռնցքամարտիկի հաշվին: Դա զայրացրել է երկրպագուներին, որոնք սկսել են աթոռները շպրտել դատավորների վրա: Հաղթողին աջակցող երկրպագուները պատասխանել են` շշեր եւ աթոռներ նետելով: Կռիվը դադարեցնելու համար միջամտել են զինվորները եւ ոստիկանները:

Կռվից հետո բեմից փորձել է փախչել մեկուկես հազար մարդ, հայտնում է lenta.ru-ն: Քանի որ մարզադաշտում միայն երկու գործող ելք է եղել, հրմշտոց է սկսվել, որն էլ դարձել է ողբերգության պատճառ: Պաշտոնապես մարզադաշտը նախատեսված է եղել 800 մարդու համար: