Հայաստանի գլխավոր դատախազության` օֆշորների հետ կապված հետաքննությունը արդար կլինի: Այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրա կարծիքով` գլխավոր դատախազությունն անպայման կպարզի, արդյոք կա՞ հնարավորություն Կիպրոսում բիզնես գրանցել` առանց հիմնադրի ներկայության:
«Ամենայն հավանականությամբ, նման պրակտիկան հնարավոր է, եւ գլխավոր դատախազությունը կպարզի դա»,-ընդգծել է Մինասյանը:
Ընդ որում, նա հավելել է, որ կարիք չկա շուտափույթ հայտարարություններ անել: «Խորհուրդ եմ տալիս վերհիշել Հայաստան այցելած Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունները. յուրաքանչյուր գործ պետք է դիտարկել առանձին եւ առավելագույնս փաստացի նյութերի հիման վրա»,-եզրափակել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ համաձայն hetq.am կայքի հրապարակումների, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության հիմնադիրներն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը եւ որպես ոսկերիչ ներկայացած Աշոտ Սուքիասյանը:





























