Սանկտ Պետերբուրգում մահացած 41-ամյա Մալխազ Նոնիաձեի ընտանիքը դատի է տալիս թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը: Մահացածի մայրը հայտնել է, որ իրենք բարոյական վնասի փոխհատուցում են պահանջելու` իրենց հարազատի մարմինը կորցնելու համար:
Մահացածի հարազատները հուլիսի 13-ին ողջ օրը սպասել են օդանավակայանում, սակայն Թբիլիսի ժամանած Turkish Airlines-ի օդանավում Մալխազի մարմինը չի եղել: Նոնիաձեի ընտանիքի անդամները հայտնել են, որ ավիաընկերությունը մարմինը Ստամբուլում է կորցրել, այնտեղից այն Թբիլիսիի փոխարեն Հարավային Կորեա են ուղարկել: Ավիաընկերությունը ժխտում է այս փաստը եւ հայտնում, որ մահացածի մարմինը գտնվում է Ստամբուլի օդանավակայանում եւ տեղ կհասցվի հուլիսի 14-ին:
«Գռուզիա Online»-ը հայտնում է, որ Նոնիաձեի մարմինը նախօրեին Վրաստան էր հասցվել Turkish Airlines-ի Ստամբուլ-Թբիլիսի չվերթով` ուշացմամբ:
Ըստ Նոնիաձեի մոր` մարմնի տեղափոխման ծախսերը հոգացել էր Վրաստանի արտգործնախարարությունը: Նա շնորհակալություն է հայտնել ԱԳՆ-ին եւ լրագրողներին, որոնք օգնել են պարզել, թե իրականում որտեղ է եղել մահացածի մարմինը:
Մալխազ Նոնիաձեն Սանկտ Պետերբուրգում շինարարությունում էր աշխատում եւ ըստ բժիշկների պաշտոնական եզրակացության` վախճանվել է սրտի կաթվածից: Ընտանիքը դրան չի հավատում:



























